Հրաչուհի Փալանդուզյան
Հրաչուհի Փալանդուզյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1951 |
Ծննդավայր | Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 16, 2022[1] (70 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, խմբագիր և արձակագիր |
Հրաչուհի Արտաշեսի Փալանդուզյան (նոյեմբերի 20, 1951, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 16, 2022[1]), լրագրող, խմբագիր, արձակագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաչուհի Փալանդուզյանը ծնվել է 1951 թվականին, Վարդենիսի շրջանում, արևելագետ Արտաշես Փալանդուզյանի և աշխարհագրության ուսուցչուհի Սիրուշ Հարությունյանի ընտանիքում։ 1969 թվականին ավարտել է Շամշադինի շրջանի Բերդ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1975 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժինը։ 1976-1977 թվականներին աշխատել է շրջանային «Այգաբաց» թերթում, հեղինակել ակնարկների և հրապարակախոսական հոդվածների շարքեր։ 1977 թվականին Հայկական ռադիոյի Սփյուռքի համար հաղորդումների խմբագրությունում վարել է Հայ դատին, Հայոց ցեղասպանությանը, Հայաստան-Սփյուռք կապերին, համազգային այլ հիմնահարցերի վերաբերյալ հարյուրավոր հաղորդումներ։ 1992-1994 թվականներին ղեկավարել է «Հանրապետության ձայն» ռադիոգործակալության հասարակական-քաղաքական բաժինները, վարել «Եթեր, ցպահանջ», «Տեսածիր», «Քաղաքական դիմանկար», «Արցախի ժամ» և այլ հանրաճանաչ հաղորդաշարեր։ 1994 թվականից աշխատել է մի շարք թերթերում՝ «Առավոտ» օրաթերթ, «Բումերանգ» շաբաթաթերթ, «Երկիր» օրաթերթ։ 1998 թվականին աշխատել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում, եղել «Հայացք Երևանից» հանդեսի խմբագիրը[2]։
2005-2006 թվականներին աշխատել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում, եղել նախարարի խորհրդական, 2007-2013 թվականներին՝ «Հայաստանի զրուցակից» երկլեզվյա շաբաթաթերթում։ Համագործակցել է ԵՊՀ դասախոսների հիմնած «Ազգային գիտակցություն» ակումբի հետ (հոդվածները տպագրվել են «Անդրադարձ» շաբաթաթերթում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում)։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004-2005 թվականներին գրել է «Քառակուսի գնդակ» քաղաքական վեպը, որը լույս է տեսել 2006 թվականին[3], իսկ 2007 թվականին ներկայացվել գրականության և հրապարակախոսության ոլորտում պետական մրցանակի։
2006 թվականին խմբագրել է Գ. Մանասյանի «Խորհրդանշանների հանրագիտարանը»[4], 2007 թվականին՝ Կարեն Երվանդյանի «Տարոնականություն» աշխատությունը, 2013 թվականին՝ Սրբուհի Լիսիցյանի «Հայկական հնագույն պարեր» մենագրությունը, 2014 թվականին՝ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը (թարգմանությունը՝ Արմենուհի Փալանդուզյանի)։
2013 թվականին «Լուսակն» հրատարակչությունում տպագրել է հոր՝ Արտաշես Փալանդուզյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Անքեն սիրտ» վերնագրով[5]։ Նույն թվականին Լեզվի պետական տեսչության և ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի երաշխավորությամբ հրատարակվել է Փալանդուզյանի «Գործածական բառացանկը»։ 2014 թվականին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տպագրել է Փալանդուզյանի «Հայեցի հայերեն» հոդվածաշարը[6]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսին՝ Գագիկ Պապյան, ճարտարագետ։
- Որդի՝ Արմեն Պապյան, ավարտել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի հեռուստառեժիսուրայի բաժինը։
- Որդի՝ Վահե Պապյան, ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է լրագրող, խմբագիր Հրաչուհի Փալանդուզյանը
- ↑ «Հրաչուհի Փալանդուզյան. Կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
- ↑ Փալանդուզյան, Հրաչուհի (2006). Թումանյան, Արմենուհի (ed.). Քառակուսի գնդակ։ Քաղաքական սիրավեպ. Երևան: Նշանակ. ISBN 978-99941-992-4-2.
- ↑ Մանասյան, Գ (2007). Խորհրդանշանների հանրագիտարան. ISBN 978-99941-828-2-4.
- ↑ Փալանդուզյան, Արտաշես (2013). Փալանդուզյան, Արմենուհի (ed.). Անքեն սիրտ։ Բանաստեղծություններ. Երևան: Լուսակն.(չաշխատող հղում)
- ↑ «Հայեցի հայերեն». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.